01 07 2023

Lողասեզոնի բացմամբ պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Lողասեզոնի բացմամբ պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը, լողասեզոնի բացմամբ պայմանավորված, հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերին ծավալվել են փրկարարական հենակետեր, որոնք զինված են ջրափրկարարական գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով։

Լողալու համար անվտանգ և ջրային տեխնիկայի համար նախատեսված գոտիներն առանձնացնելու համար փրկարարների կողմից լողափերում տեղադրվել են համապատասխան նշաններ, որպեսզի քաղաքացիները ջրում առավել անվտանգ լինեն և մշտապես գտնվեն փրկարարների հսկողության ներքո։

Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց և լողամիջոցների անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Միաժամանակ բարձրախոսերով իրականացվելու են քաղաքացիների իրազեկան աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար», - ասված է ՓԾ-ի հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ